Մտավորականը հասարակության կարևոր զգայարաններից մեկն է, նրա տրամադրությունների խոսնակը: Նա հիրավի մտավոր ական է, որի խոսքը պայթում է իշխանությունների ականջում՝ ի նպաստ հասարակության շահերի: Լեզվաբան, Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի և Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻ համոզմամբ՝ մտավորականի խոսքը զորեղ է ու նաև առաջնորդող: «Իրատես»-ի հետ զրույցում նա անդրադառնում է ներկա իրողությանը, որում եռում ենք, և որը շտկելու, լուսավորելու մղումով շատերս ենք տոգորված:
-Եզոպոսն ասում էր՝ տան տակ պետք է անիվներ լինեն, որ վատ հարևան ունենալու դեպքում քշես ու գնաս մեկ այլ տեղ: Այս առումով Հայաստանի բախտը կարծես չի բերել:
-Եզոպոսը մասամբ է ճիշտ: Ես հիշեցի այն դրվագը, երբ ստալինյան դժնդակ տարիներին խորհրդային իշխանությունները նախապատրաստվում էին հայերին տեղափոխելու Ալթայի երկրամաս: Այն տարիներին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը հայտարարեց, թե համաձայն ենք, սակայն մի պայմանով՝ եթե հայերի հետ տեղափոխվի նաև մեր սրբազան Արարատ լեռը: Մեր երկիրը այլ տեղ չի կարող տեղափոխվել, և ոչ էլ մենք փախչելու տեղ ունենք, երկիրն ու հողը մնայուն են: Բախտը բերելու խնդիր չկա: Այսպիսին է մեր դիրքը, ուստի նաև խելամիտ դիվանագիտությամբ պիտի ելք գտնենք: Եվ հետո ամեն ինչ այդքան էլ մռայլ չէ: Եթե այլ տեսանկյունից դիտելու լինենք, ապա Իրանն այսօր մեր ջերմ բարեկամն է, պետք է կարողանանք ընդհանուր լեզու գտնել և պատմության կնճռոտ հարցերը լուծել Վրաստանի հետ (ասեմ, որ այդ ուղղությամբ արվող քայլերը կամ թույլ են, կամ ուղղակի տեսանելի չեն): Մենք դատապարտված ենք ապրելու Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ, պետք է կարողանանք մի օր մի դուռ բացել, իսկ դա կարող է լինել միայն ազգի հավաքական ուժի ու մտքի, երկրի հզորացման շնորհիվ, նրա դիվանագիտական կարողությունները ճիշտ օգտագործելու միջոցով: Եվ այդ ժամանակ մեզ հետ հաշվի կնստեն անգամ աշխարհի հզորները: Այլապես միայն կոչերով հանդես գալը, բախտն անիծելը և թշնամուն հայհոյելը պարզապես անօգուտ են, հաճախ նույնիսկ վնասակար, հարկավոր է իրական քայլեր ձեռնարկել: Հիմա գուցե ինձ հարցնեն. «Ի՞նչ եք առաջարկում»: Պատասխանեմ. ժողովուրդը ցանկանում է ապրել խաղաղ և կայուն երկրում՝ առանց հոգեմաշ խնդիրների: Սա արդեն իշխանությունների խնդիրն է, եթե մեկը կամ մի ուժ ստանձնում է երկրի ղեկավարությունը, սա իր համար առաջնահերթություն պետք է լինի, պետք է լսել ժողովրդի խոսքը, ի՞նչ է ուզում քաղաքացին, պարզ մարդը: Իսկ մենք բոլորս գիտենք, թե ի՛նչ ենք ուզում՝ խաղաղ ապրել հայրենիքում, և չլինի այնպես, որ մարդիկ մտածեն այն լքելու մասին:
-Որովհետև հայրենիքից դուրս հայրենիք չկա՞:
-Հայրենիքից դուրս որքա՞ն կարելի է ապրել ու պահպանել ազգային ինքնությունը, քանի՞ սերունդ և ի՞նչ գնով: Որքան էլ օտար երկիրն ապահով և բարօր լինի, միևնույն է՝ նա հայրենիք չէ: Աստիճանաբար թուլանում է հայրենիքից հեռացած մարդու, նրա սերունդների կապը հայրենիքի հետ, օտար միջավայրում մեծացողները շատ հաճախ կորցնում են մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունը և կարողությունը, հայերենով ստեղծված գրականություն չեն կարդում, անհաղորդ են մնում հայ մշակույթին: Հայ մշակույթի հետ կապը ոմանք պահպանում են սոսկ խոհանոցի միջոցով, տոլմա կամ հարիսա եփելով: Այդ կերպ չինացին կամ անգլիացին էլ կարող է հայկական ճաշատեսակներ պատրաստել, երբեմն էլ հայկական երգեր լսել, սակայն դրանով նա հայ չի համարվի:
-Հայաստանի հեղինակությունն ու նշանակությունը ակնհայտ անկում են ապրում, այնքան, որ անգամ ավտորիտար Ղազախստանն ու Բելառուսը ատամ են ցույց տալիս մեզ:
-Ցավոք, այդպես է, մեզ լրիվ մղել են լուսանցք: Պարզ բան է, որ մեզ հետ հաշվի կնստեն, երբ ուժեղ լինենք: Իսկ մեր այս վիճակի պատճառը նաև և ավելի շատ մեր մեջ պետք է փնտրել: Մենք շարունակ չենք կարող դժգոհել ճակատագրից, մեր բախտից ու երկրի դիրքից: Մեր պատմությունը ինքներս ենք կերտում: Մենք հաճախ անմիջական մասնակից չենք լինում բախտորոշ իրադարձություններին ու փոփոխություններին, այլ պարզապես հաշվի ենք նստում հետևանքների հետ: ՈՒ գրեթե ոչինչ չենք ձեռնարկում վիճակը շտկելու համար: Քաջատեղյակ մարդիկ ավելին կասեն դրսում մեր երկրի հեղինակության մասին, թե միջազգային կազմակերպությունները ինչպես և որքանով են հաշվի նստում մեզ հետ: Մեր երկրի հանդեպ վերաբերմունքը դրսևորվում է նաև տնտեսական համագործակցության ոլորտում, ներդրումների մեջ (դրանց աճի կամ նվազման միջոցով), նույնիսկ զբոսաշրջիկների թվի մեջ: Մենք մեծաթիվ, բավական կազմակերպված սփյուռք ունենք: Նրա ուժը պիտի կարողանանք միացնել հայրենի պետության ուժին: Սփյուռքը մեծապես կարող է օժանդակել, օրինակ, Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Այլապես ժամանակ առ ժամանակ հեռուստամարաթոնների շնորհիվ հավաքված գումարներով երկիր չի պահվի, առավել ևս չի հզորանա:
-Իշխանությունների ծրագրերում բարեփոխումների քաոս է, նրանք որոշում են բարեփոխել ամեն ինչ, շրջանցելով իրենց: Իսկ ժանգոտ խոփով հող չես հերկի:
-Երբ լսում ես պաշտոնավորների ելույթները, թվում է, թե ամեն ինչ լավ է, մենք ապրում ենք աշխարհի ամենազարգացած և երջանիկ երկրում, ամեն ինչ ներկայացվում է պայծառ գույներով: Երևանից դուրս ես գալիս, բախվում ես համատարած թշվառության, հանդիպում ես ամայացող գյուղերի, փակվող դպրոցների, ամենուր անհուսություն է: Մենք չենք կարող անվերջ խաբեության մեջ խարխափել, որովհետև մենք այս իրականության մեջ ենք: Երանի՜ Հայաստանը լիներ այնպիսին, ինչպիսին ներկայացվում է իշխանության ներկայացուցիչների ծրագրային ելույթներում: Դժբախտաբար այդպես չէ: Ես հոռետես չեմ, սակայն խանդավառ էլ չեմ մեր իրականությամբ:
-Երբ կարդում ես այլազգի նշանավոր մարդկանց կարծիքները հայի տեսակի, մշակույթի մասին, հպարտությամբ ես համակվում, սակայն շուրջդ ես նայում՝ ամաչում ես իրականությունից:
-Դեռ վաղ միջնադարից հազարավոր, տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ տարբեր պատճառներով հեռացել են Հայաստանից ու հաստատվել օտար երկրներում: Հայի կերպարը դրսում միշտ դրական է եղել, մենք բնութագրվել ենք որպես աշխատասեր, օրինապահ, հյուրասեր, բարի, ստեղծագործ: Այո՛, այդ հատկանիշները բնորոշ են հայ ազգին: Բայց այսօր ի՞նչ ենք տեսնում՝ չմշակված հողեր, տեսնում ենք անզոր դարձած հայ մարդուն, մշակին, որը ոչինչ չի ուզում ձեռնարկել: Ինչո՞ւ նա փոխվեց, որտեղի՞ց եկան այս շողոքորթությունն ու ստորաքարշությունը, օրինազանցությունը, ծուլությունը, նախանձն ու չարությունը: Միջավայրը ծնեց ու բազմապատկեց այս ամենը: Իրականում հավաքական առումով մենք չենք փոխվել, այդ լավ հատկանիշները պահպանվել են, մնում է դրանք բացահայտելու հնարավորություն ստեղծել, ինչպես նաև հոռին, վատը թոթափելու նպաստավոր պայմաններ: Օրենքի գերակայություն հաստատենք, և այս փոքրիկ երկիրը կշենանա: Իսկ ի՞նչ է հարկավոր՝ պետական մտածելակերպ և ազգային ծրագիր:
-Ինչպե՞ս կբնութագրեք հասարակության մեջ ձևավորված մթնոլորտը:
-Հայ մարդն ամենուր անժպիտ ու մտախոհ է: Ինչո՞ւ այսպիսին դարձանք: Աղքատության, արտագաղթի, գործազրկության, թերսնված ու հիվանդ երեխաների վերաբերյալ պաշտոնական ժլատ տվյալներից անգամ սարսափում ես: Հասարակության մեջ կա դժգոհություն, սակայն չեն նկատվում վիճակը շտկելու կամք և ցանկություն: Շատերը պարզապես համակերպվել են իրողությանը, հարմարվում են խաղի պայմաններին, հազարավորները կուսակցական են դառնում, սոսկ ինչ-որ տեղ ունենալու, ոչ թե վիճակը փոխելու կամ շտկելու համար: Իսկ շատերը պարզապես հավաքում են ճամպրուկները, կա՛մ հեռանում են, կա՛մ էլ սպասում են հեռանալու իրենց ժամին: Մինչդեռ տան ճրագը վառ պահողը մարդն է, որից Հայաստանը զրկվում է օրեցօր: Եվ քչերն են, որ չեն հաշտվում ու հարմարվում և ուզում են երկրում, մեր կյանքում ինչ-որ բան փոխել: Դժբախտաբար մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց մեջ էլ քչերը կան, որ կարող են շիտակ ու համարձակ խոսել մեր իրականության մասին: Նրանք դա ընտիր քննարկում են իրենց տանը կամ խոհանոցներում, սակայն երբ գալիս է հրապարակային խոսք ասելու պահը, կարկամում են, լռում և չեն համարձակվում անուններ հրապարակել և ասել, որ այսինչ մարդը՝ նախագահ, նախարար, այսինչ իշխանավորը մեղավոր է, որ այս բանը ճիշտ չէ, պետք է փոխել և այլն, և այլն: Քչերն են ճշմարտությունը բարձրաձայնում, այնինչ մտավորականի արժանապատվությունը չպետք է հանդուրժի այս ճահճային գորշ վիճակը:
-Ն. Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» հարցադրմանը Լենինը պատասխանեց գործողությամբ: Դուք ի՞նչ կառաջարկեք:
-Ես կարծում եմ, որ նախ հեղափոխություն պետք է անել մարդկանց մտքում, գիտակցության մեջ:
-Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր նույն կարծիքին:
-Նրա առաջարկած հեղափոխությունը թերևս իր և իր շրջապատի բարօրության, դիրքի ու բարեկեցության համար էր, իսկ ես խոսում եմ երկրի ու ազգի վիճակը փոխելու մասին: Ես պաշտոնյա չեմ, իմ մղումները բանաստեղծական բառով ասած՝ անանձնական են: Այս քնած վիճակը մեզ կանգնեցրել է փակուղու առջև: Հասարակությունը պետք է թմբիրից արթնանա: Այստեղ է, որ մեզ հարկավոր են այնպիսիք, որոնց կհաջողվի հեղափոխություն անել մարդկանց ուղեղներում, մտքերում, և որին կհաջորդեն գործնական քայլերը: Այս վիճակը այլևս անհանդուրժելի է:
Զրույցը՝
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ